«Հարկային հաշիվների դուրսգրման համակարգ»

Էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրումը իրականացվում է «Հարկային հաշիվների դուրսգրման համակարգ»-ով: Ծրագիրը հնարավորություն է տալիս իրական ժամանակի ռեժիմում դուրս գրել հարկային հաշիվներ, ինչպես նաև դիտել Ձեր կողմից դուրս գրված և այլ անձանցից ստացված հարկային հաշիվները:

Հարկային հաշիվները կարող են դուրս գրել ավելացված արժեքի հարկ վճարողները, ինչպես նաև առևտրի հարկ վճարողները` «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջների բավարարման դեպքում:

Համակարգում առկա են հարկային հաշիվների երեք տեսակներ`

  1. ապրանքների մատակարարման.
  2. ծառայությունների մատուցման.
  3. ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման:

Մատակարարը պետք է նաև ընտրի դուրս գրվող հարկային հաշվի ձևը, որոնք են՝

  • հարկ վճարողի անունից.
  • մատակարարի անունից.
  • հանձնարարողի (պրինցիպալի) անունից:

«Մատակարարի անունից» հարկային հաշվի ձևը ընտրվում է, եթե հարկային հաշիվը դուրս է գրվում «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` օտարերկրյա անձի անունով:

Հանձնարարության պայմանագրերի շրջանակում ապրանքների մատակարարման դեպքում ընտրվում է «հանձնարարողի (պրինցիպալի) անունից» հարկային հաշվի ձևը: Այս դեպքում հաշվում լրացվում են ոչ միայն հանձնակատարի և գնորդի, այլ նաև հանձնարարողի տվյալները:

Դուրս գրված և էլեկտրոնային ստորագրված հարկային հաշիվները համարվում են վավեր փաստաթղթեր և ստանում «ստորագրված է դուրս գրողի կողմից» կարգավիճակը: Դուրս գրված հարկային հաշիվը պետք է էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվի գնորդի կողմից: Գնորդի կողմից հարկային հաշիվը էլեկտրոնային ստորագրությամբ չվավերացնելու դեպքում հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը հաշվանցման ենթակա չէ: Այս դեպքում հաշվանցումը կատարվում է այն հաշվետու ժամանակաշրջանում, որում էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվել է հարկային հաշիվը:

Գնորդի կողմից հարկային հաշիվը ստորագրվելուց հետո ստանում է «ստորագրված է գնորդի կողմից» կարգավիճակը:

Դուրս գրված հարկային հաշիվները կարող են ճանաչվել չեղյալ, անվավեր կամ ջնջվել գնորդի կողմից:

Հարկային հաշիվը կարող է ճանաչվել չեղյալ հետևյալ հիմքերի առկայությամբ`

  1. հարկային հաշիվը դուրս է գրվել այն հարկ վճարողի անունով, որին ապրանք չի մատակարարվել, որի համար աշխատանք չի կատարվել, և (կամ) որին ծառայություն չի մատուցվել.
  2. հարկային հաշիվը դուրս է գրվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ.
  3. ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).
  4. հարկային հաշվով մատակարարվող ապրանքի, կատարվող աշխատանքի կամ մատուցվող ծառայության ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ԱԱՀ-ի դրույքաչափ կամ ԱԱՀ-ի գումար) լրացվել է սխալ:

Եթե չեղյալ ճանաչելու պահին հարկային հաշիվը վավերացված է տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ, ապա այդ գրառումը ստորագրվում է նաև ստացողի կողմից կամ, համաձայն չլինելու դեպքում, 15-օրյա ժամկետում մերժում չեղարկումը: Ընդ որում, գնորդի կողմից չեղարկումը 15-օրյա ժամկետում չմերժվելու դեպքում հաշիվը չեղյալ է ճանաչվում հիմքերից որևէ մեկն առաջանալու օրվան հաջորդող մինչև 15-րդ օրը:

Հարկային հաշիվը կարող է ճանաչվել անվավեր, եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքն անվավեր է ճանաչվում դատարանի վճռի համաձայն:

Գնորդի կողմից հաշիվը չընդունվելու դեպքում, եթե նշված հարկային հաշվով ստացված ապրանքները չեն ընդունվել վերջիններիս կողմից, և մատակարարը հրաժարվում է հաշիվը չեղյալ ճանաչել, գնորդը կարող է ջնջել հարկային հաշիվը, և հաշիվը ստանում է «ջնջված» կարգավիճակ: Տվյալ դեպքում կամերալ ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ կողմերը ներկայացնում են բացատրություններ:

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը կարող է ճշգրտվել հետևյալ դեպքերում.

  1. գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է.
  2. գործարքի առարկան հանրային կամ կոմունալ ծառայություն է, և գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով նախատեսված է, որ այդ ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո կարող է ճշգրտվել.
  3. գործարքի առարկա համարվող ապրանքի քանակը, ծավալը և (կամ) որակական հատկանիշները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, ստուգվում են գնորդի կողմից ապրանքի ընդունման պահին, և պարզվում է, որ դրանցից որևէ մեկը չի համապատասխանում պայմանագրով սահմանված պայմաններին, որի հետևանքով ապրանքը (կամ դրա մի մասը) ենթակա է մասնակի ընդունման կամ վերադարձման.
  4. գործարքի առարկա համարվող ապրանքները մատակարարվել են ավելի, քան սահմանված է եղել հարկային հաշվով, և գնորդի կողմից ավելի մատակարարված ապրանքներն ընդունվել են.
  5. աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման այն գործարքների դեպքում, երբ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ծավալը գործարքի ավարտին ավելի կամ պակաս է սկզբնապես դուրս գրված համապատասխան հարկային հաշվով նախատեսված ծավալից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
    • աշխատանքները կամ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) կատարվել կամ մատուցվել են գործարքի իրական պայմաններին համապատասխանող՝ դուրս գրված հարկային հաշվում նշված պայմաններով.
    • աշխատանքի կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ աշխատանքի կամ ծառայության արդյունքի հետ հանձնումը հնարավոր չէ:

Համարի ստուգում

Մուտքագրեք հարկային հաշվի համարը առանց բացանիշի: «Ստուգել» սեղմելուց հետո կցուցադրվի հարկային հաշվի ընթացիկ կարգավիճակը:

Ծրագրի բեռնում

Բեռնեք Հարկային հաշիվներ ծրագիրը Windows օպերացիոն համակարգի համար: